Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարտահրավերների մի ողջ համալիր է բախում Հայաստանի և նրա իշխանությունների դուռը

Մարտահրավերների մի ողջ համալիր է բախում Հայաստանի և նրա իշխանությունների դուռը
20.01.2009 | 00:00

ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԵԱԼ ՇԱՆՍ ՈՒՆԵՆ
Նոր տարվա հենց առաջին տասնօրյակում ակնհայտ դարձավ, որ մարտահրավերների մի ողջ համալիր է բախում Հայաստանի և նրա իշխանությունների դուռը. Հայաստանն անկախությունից ի վեր երբեք այսպիսի համաժամանակյա խնդիրների առջև կանգնած չի եղել:
ա) Արտաքին մարտահրավերներ. վեկտորալ առումով տարբեր այս զարգացումներն իրենց խորքում նույն նպատակն են հետապնդում` Ղարաբաղ: Արտաքին աշխարհը, կոնկրետ դեպքում Արևմուտքը, բազմաթիվ ճակատներով է «մուտք գործում Հայաստան»: Այլ կերպ` ոտքի վրա է եվրոպական ողջ էմիսարիան` ԵԽԽՎ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն. բոլոր երեք կառույցների ներկայացուցիչներն էլ երեք օրվա տարբերությամբ Հայաստանում էին:
Չխորանալով սպասվող զարգացումների ենթատեքստի մեջ` մեզ թույլ տանք արձանագրել. Դավոսում, իհարկե, կհանդիպեն Ադրբեջանի և Ղարաբաղի նախագահները, սակայն Արևմուտքն իր սպասած «էֆեկտըն» այդ հանդիպումից չի ունենա: Պատճառները բազմաթիվ են: Ըստ ամենայնի, չի ստորագրվի անգամ ոչինչ չասող որևէ փաստաթուղթ: Էլ չենք ասում` ղարաբաղյան խնդրի կարգավորման բազային համաձայնագիր:
Հաջորդ վեկտորի` ԵԽԽՎ-ի նստաշրջանի առումով էլ արձանագրենք` Հայաստանին ձայնի իրավունքից չեն զրկի: Որովհետև ոչ մեկին չի հետաքրքրում Հայաստանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների վիճակը: Այնտեղ, գոնե այս պահին, մտահոգ են, ասացինք, Ղարաբաղի հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու «ազնիվ» մղումով և Հայաստանն ամբողջովին ռուսական գիրկ չնետելու «առաջնահերթությամբ»:
Աշխարհը, Եվրոպան և, իհարկե, Միացյալ Նահանգները դեռ չեն մարսել ռուս-վրացական բլիցկրիգը, իսկ ահա, որքան էլ պաշտոնական Մոսկվան Լավրովի դեմքով ժխտում է Հայաստանին 800 միլիոնի զենք մատակարարելու փաստը, խնդիրը բաց է, և, ի ցույց աշխարհի, հինգ վայրկյանը մեկ միմյանց հանդիպող Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հասկացնում են հատուկ չհասկացողներին, թե «ով ով է» այս մեծ խաղում, և որ` կարևորը մենք ենք, Ռուսաստանն ու էլի` Ռուսաստանը:
բ) Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաջորդ փաթեթը ներքաղաքական է: Այստեղ ևս վեկտորները բազմաթիվ են` ընդդիմություն-իշխանություն, իշխանություն-իշխանություն:
Ի դեպ, առաջ ունեինք երկու Հայաստան. իշխանությունների ու ժողովրդի, ու «նրանք» ապրում էին առանձին-առանձին՝ ամենքն իր կյանքով: Հիմա ունենք լիքը «հայաստաններ»: Մանավանդ իշխանությունում: Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Ծառուկյանի, դաշնակցականների «հայաստաններ»:
Մինչ կանցնենք այդ «հայաստանների» դիտարկմանը, նշենք նաև Հայաստանի առջև ծառացած ամենաահավոր մարտահրավերը, որը կարող է համահարթեցնել բոլորի «հայաստանները», խառնել խաղի բոլոր վեկտորները։
գ) Տնտեսական ճգնաժամ:
Խնդիրը թողնելով տնտեսագետներին` արձանագրենք, որ այս և վերը նշված ղարաբաղյան մարտահրավերներն են, որ «ծնել» են այսքան «հայաստաններ»: Բանն այն է, որ յուրաքանչյուր «հայաստանատեր» մտածում է. «Առանց այն էլ շատ պրոբլեմներ ունեցող Սերժ Սարգսյանը, ի վերջո, չի կարողանա մարտահրավերների ծայրերն ի մի բերել և ստիպված կլինի հրաժարական տալ»:
Պարզ է, ընդդիմությունը մտածում է, որ ժողովուրդն ու արդարությունն իր հետ են, և ինքն է ամենապոտենցիալ ապագա իշխանությունը:
Իշխանությունում եղողներն էլ «հաշվում» են (եթե գրագիտությունները հերիքում է). ավտորիտար երկրներում երբեք հնարավոր չէ, որ փողոցում ընկած իշխանությունը վերցնի փողոցում եղող ժողովուրդը, որովհետև իրենք` պալատականները, գիշերով, միջոցների միջև խտրություն չդնելով, «դուբինկաներով» և «այլն»-երով իշխանությունը փողոցից կքշեն դեպ իրենց` նոր նախագահով:
Թվում էր այս թևի` իշխանության նոր տենդով բռնվածների համար պետք է միանձնյա ֆավորիտ լիներ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն իրականում «միակ տղամարդը» տրանսֆորմացվել-վերածվել է միայնակ և վերջնական երիտթոշակառուի, և խիստ ակնհայտ է, որ ներիշխանական այս թևի ամբիցիաների «ծիրում» Քոչարյանը որևէ դերակատարություն չունի: Ապագա վարչապետի ու նախագահի «սպասվելիք» կոնֆիգուրացիաներում նրա համար տեղ չկա: Ըստ «կոնֆիգուրանտների»` հնչեցվում է Հովիկ Աբրահամյանի անունը` որպես «ապագա նախագահ» (խնդրում ենք չժպտալ), որպես վարչապետ` Գագիկ Ծառուկյանի (չնայած Ծառուկյանն ու իր «պրեզենտացված» մամլո խոսնակը ժխտում են այդ հանգամանքը, և, այնուհանդերձ, միտքն արդեն մեկ ամիս «ռասկրուտկայի» է ենթարկվում իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցներում):
Մի փոքրիկ կանգ առնենք պարոն Հովիկ Աբրահամյանի վրա: Այն պարզ պատճառով, որ մշտապես (և հատկապես վերջին օրերին) ամենադիտարժանը հենց նրա «Հայաստանն» է. այնտեղ ամեն օր «գյուտ» է արվում: Մեկը մյուսից սքանչելի. իմիջի Պառնասում գտնվող, եկեղեցաշին, բարձրադերակատար, բարեփոխիչ-գորգափոխիչ, ողջ Հայաստանը մեկ շաբաթով Չինաստան տեղափոխած, իր տարած մարդկանց քաշով` մեկ միլիարդանոց խոստումներ բերած, բայց և այնպես Չինաստանում շատ համեստ ընդունելության արժանացած, նույն Չինաստանում «արևելյան մասաժի» ենթարկված «տարվա մարդ» Աբրահամյանի «Հայաստանն» իսկապես շենշող է: Եվ կարծես այսքանով «շենշը» չի ավարտվելու:
Եվ, փաստորեն, «տարվա մարդ», «էվրիկաների» հայր Հովհաննեսը շաբաթն ուրբաթից չուշացրեց. մարտի մեկի համար «պատասխանատու» և համապատասխան հանձնաժողով գալ չցանկացող պաշտոնյաների նկատմամբ «կիրառելիք» պատժամիջոցները մի կողմ թողած, Ամանորին նա սկսեց հաթաթա տալ քաղաքականությանը խառնված բիզնեսին. չի կարելի, չէ՞, եղբայր, ասաց Հովհաննես Ա-ն, ո՞նց կարելի է բիզնեսը խառնել քաղաքականությանը, թույլ չենք տալու, ասաց: Խառն օրեր էին, ու մենք չհասցրինք ԱԺ-ի պարոն նախագահին հարցնել. բա իրեն որտեղի՞ց այնքան գումար, որ «Զատիկ» մանկատանը խոստացավ իր միջոցների հաշվին ամեն ամիս 10 տոկոս ավելացնել մանկատան բյուջեն, հաշվեցինք` այդ փողն արեց 35 հազար դոլար: Ծերանոցին էլ 3 մլն խոստացավ` իր անձնական միջոցներից: ՈՒ որպեսզի չերևա, թե մենք նրա բարի գործը չենք գնահատում, «դաղալավարի» չենք հիշեցնում բարեգործության ոսկե կանոնը. ի՞նչ կարիք կա ձախ ձեռքն իմանա աջն ինչ է անում: ՈՒղղակի քիչ ներքուստ անհանգստանում ենք` եթե որոշել է բիզնեսն անջատել քաղաքականությունից, կարո՞ղ է էդ գումարները հասցեատերերին չհասնեն:
Իսկ ԱԺ նախագահի հայտնի նամակի պատմությունն արդեն ողջ աշխարհը գիտի: Բայց դե, ասում են` չկա չարիք առանց բարիքի. ուստի վերջապես կատարվեց նրա երազանքը. ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու հասարակայնության հետ կապերի վարչության պետն ազատվեցին աշխատանքից. այդ վեկտորալ ուղղությամբ էլ ինտրիգների ականատես չենք լինի. գլուխներս մի քիչ կդինջանան:
Մի խոսքով, ուզում էին լավ, եղավ` ինչպես միշտ, ուզում էին իմիջ, ստացան հակաիմիջ:
Հիմա այն մասին, թե ինչու հատկապես կենտրոնացանք Արգամիչի վրա, երբ մնացյալների «հայաստանները» նույնքան դիտարժան են: Կենտրոնացանք` քաղաքական մյուս վեկտորն արձանագրելու համար:
Հասկանալի է. Սերժ Սարգսյանն իներցիոն մտածողության կրող է: Այդ նախընտրական փուլում էր, որ նա փոքր-ինչ դուրս եկավ իր «պատյանից», բացվեց, դարձավ ավելի տեսանելի, հասանելի, ըմբռնելի ու հրապարակային: Սակայն այժմ, և հատկապես մարտյան դեպքերից հետո, նա կրկին փակվել է իր մեջ, ոչ մեկին մոտ չի թողնում, և ոչ մեկը չի հասկանում` այս կամ այն հարցի առնչությամբ կրկին «գորշ» կարդինալի մունդիր զգեցած Սերժ Ազատիչն ինչ է մտածում, ինչ է անելու, ումով և ինչպես: Բացարձակապես ոչ ոք չգիտի:
Սերժ Սարգսյանն այդ վարքագիծը որդեգրել է ինչպես իր խասիաթին համաձայն, այնպես էլ` գիտակցված: Նախ, որ այդպես իր մերձակայքն առավել կառավարելի է, և ոչ ոք, այն էլ ներիշխանական ինտրիգների այսպիսի «մաստեր-կլասների» պարագայում, չի կարող հաշվել Սերժի մոտավոր քայլերը:
Եվ հետո` Սերժ Ազատիչի տառապանքն այլևս և մեկընդմիշտ, մանավանդ մարտի դեպքերից հետո, «փորձ» ունի: Եվ այն էլ` ի՜նչ փորձ: Միայն մեկ անգամ` մարտի դեպքերի շրջանում, վարչապետի իր սենյակում միայնակ մնացած Սերժ Ազատիչն իր մտերիմներից մեկի մոտ բարձրաձայնել էր. բոլորը, ում լավություն էի արել, ինձ դավաճանեցին: Ի դեպ, ըստ նրան ճանաչողների` «շատերին է լավություն արել»: Ասվում է` ամենից ծանր տարել է Սասունի... հեռացումը: Այն, որ Մյասնիկը «հեռացել» էր, նրա համար այնքան էլ ցավ չէր. Մյասնիկի համար գեներալ Մանվելն էր խնդրել Սերժ Սարգսյանին, նա էլ, ոչ ավել, ոչ պակաս, Մյասնիկին դրել էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 22-րդ համարում, ու ողջ Հանրապետականը նեղացել-խռովել էր Սերժ Ազատիչից: Իսկ Սասունի պարագան նուրբ էր այնքանով, որ, ոմանց կարծիքով, Սերժ Սարգսյանն անվերջ ու անվերջ օգնել է նրան, և բացի այդ... հոգեպես հարազատ էր համարում (քաղաքականության մեջ հարազա՞տս որն է):
Մի խոսքով, այս ողջ «նաղլն» էն մասին է, որ Սերժ Սարգսյանն էլ ոչ մեկին չի վստահում: Ամենքին այնքան` որքան:
Պարզվում է` Ազատիչը նաև իրականացնում է հետևյալ կոնֆիգուրացիան, դա եղել է նրա խաղի մշտական ուղեկիցն անցնող բոլոր տարիներին. թողնում է, որ իր շրջապատում գտնվողները բնական «էվոլյուցիա» ապրեն, բացեն իրենց սպիրալը, թաքուն մտադրությունները, որպեսզի ակնհայտ դառնա, թե ով, վերջապես, ինչ է ուզում և ինչի է ընդունակ: Թողնում է` միմյանց և իր նկատմամբ «դրսևորվեն» որքան սրտները կամենա, որքան կարենան, շատ լավ հասկանալով, որ այն ամբիցիաները, որոնց հետ ինքը գործ ունի, պայթուցիկներ դառնալու շատ ռեալ շանս ունեն:
Այս ամենը, իհարկե, կարելի է հասկանալ. թող եռա կեղտն ու թափվի, տակն ինչ կմնա, դրա վրա էլ կկառուցվի շարունակությունը:
Եթե մնա:
Բայց այս ամենը չէր լինի ԵԽԽՎ ուղարկված նամակի և մնացյալ «գործընթացների» չափ տխուր, եթե մեր երկիրը կանգնած չլիներ այսքան շատ մարտահրավերների առաջ, ուր երկրի ղեկավարի ձեռքի կարիքն ամենուր է` ժողովրդի հետ փոխհարաբերություններում, տղաներին ազատելու քաջությունում, իշխանությունում համակարգային փոփոխություններում, ամենքին իրենց տեղը դնելու ահավոր մեծ անհրաժեշտությունում...
Բոլորը չես թվարկի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ